Աշտարակ Քաղաք
Աշտարակ, Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է Սաղմոսավանի, Նազրևանի, Շորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը Հայաստանի օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։
Տնտեսություն
Արդյունաբերությունը Աշտարակի տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Այստեղ կան տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Աշտարակում է գործում «Միկրոմ» ձեռնարկությունը, որը զբաղվում է փորձասարքերի, շինարարական սալիկների, արբանյակային ալեհավաքների, գունանյութի և ներկերի, արտադրությամբ։ Ունի պոլիգրաֆիական գործարան, որը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ, ինչպես նաև պոլիէթիլենային տարաների արտադրությամբ։ Աշտարակում զարգացած է նաև սննդի արդյունաբերությունը։ Այստեղ կան խաղողի վերամշակման և գինու հումքի ստացման կետեր։ Հնուց Աշտարակը հայտնի է անուշահամ գինիների և չոր մրգերի պատրաստմամբ։
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը նույնպես զարգացած է։ Հատկապես զարգացած են՝ պտղաբուծությունը և խաղողագործությունը։ Հողահանդակները հիմնականում ոռոգվում են Քասախի ջրերով։ Պահուստային հողերում բազմամյա արոտավայրերը կազմում են 433 հա, տնկարկները 58 հա։ Մշակում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի ձվի և թռչնի մսի արտադրություն։ Համայնքում առաջնային են համարվում աշխատանքային ռեսուրսների լիարժեք օգտագործումը, խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը, փողոցային լուսավորության խնդիրը, քաղաքի գազաֆիկացումը։
Բնակչություն
Աշտարակի ազգաբնակչության փոփոխությունը։
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1919 | 1931 | 1959 | 1972 | 1976 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 826 | 2515 | 4867 | 6100 | 4782 | 7563 | 13900 | 16362 | 20636 | 21500 | 18300 |